ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ներդրողին նախ և առաջ հետաքրքրում է, թե ինչպես է իր ներդրած գումարը վերադարձվելու

Ներդրողին նախ և առաջ հետաքրքրում է, թե ինչպես է իր ներդրած գումարը վերադարձվելու
07.04.2017 | 12:39

Հայաստան-ԱՄԷ ներդրումային համաժողովի 300 մասնակիցների թվում էր նաև Հայաստանը ներկայացնող «Անահիտ ագրոֆարմի» սեփականատեր Անահիտ Մկրտչյանը: Որպես բարերար՝ նա բարեգործության համար արժանացել է Սբ Գրիգոր Նարեկացի հուշամեդալի, գյուղատնտեսության ոլորտում կատարած բացառիկ աշխատանքի համար էլ՝ «Հայուհի 2015» մրցանակի: «Անահիտ ագրոֆարմը» գտնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում, զբաղեցնում է 250 հա տարածք, սակայն մշակվում է հողատարածքի միայն 40 հեկտարը: Հողը գնված է 2004-ից, միայն վերջին երեք տարվա ընթացքում է տիկին Անահիտն անձամբ զբաղվում դրա մշակմամբ՝ իր օրվա մեծ մասը նվիրելով այգիներին և դրանց վերաբերող խնդիրներին: Մարզի բնակլիմայական պայմանները և հողի որակը թույլ են տալիս այստեղ քաղցրահամ մրգեր աճեցնել, բայց միայն այդքանը քիչ է, պետք է նաև հետևողական և նվիրված աշխատանքով մշակել այգիները:

Անահիտ Մկրտչյանի և նրա աշխատակազմի ջանքերով այստեղ խաղող, սալոր, ծիրան, դեղձ է աճեցվում: Ի դեպ, մեր զրույցի ժամանակ տիկին Անահիտը նշեց, որ Հայաստան-ԱՄԷ ներդրումային համաժողովում նա ներկայացրել է իրենց այգիներում աճող մրգերից տնային պայմաններում պատրաստված չրերը: Նրա տպավորությամբ՝ համտեսողներին դրանք դուր են եկել: Ֆորումից հետո նրա հետ երկար զրուցելու առիթ ունեցանք: Մեծ ոգևորությամբ էր պատմում այգիների մշակման, դրանք ոռոգման ջրով, գյուղտեխնիկայով ապահովելու մասին: Այսօր նրանք ունեն հինգ անուն գյուղտեխնիկա և աշխատակազմը տեղափոխելու համար երկու տրանսպորտային միջոց: Իր խոսքով՝ կարևոր է նախկինից մնացած գյուղտեխնիկան ոչ թե դեն նետելը, այլ վերանորոգելը: Սա իրենց աշխատանքում ցանկացած հարցի է վերաբերում: Նա իր խոսքում բազմիցս նշեց, որ սրտացավ աշխատանքի դեպքում ծառերը լավ պտուղ կտան: Սրտացավ պետք է լինեն թե՛ տերը, թե՛ աշխատակիցները: Ցանկացած աշխատանք ազնվություն և նվիրում է սիրում: Նա պատմում էր, որ առանց վարանելու կարող է ժամեր շարունակ անցկացնել այգիներում: Նրա խոսքով՝ բոլորովին անտեղյակ լինելով գյուղատնտեսությանը, գյուղացիներին, գիտակ մարդկանց հարցնելով և նայելով շատ բան է սովորել: Երևանում ծնված, մեծացած լինելով՝ նա անմնացորդ կապված է գյուղին, ոչ մի դեպքում չի ցանկանա բաժանվել իր այգիներից: Տիկին Անահիտը ոչ մի վայրկյան չէր մոռանում իր աշխատանքի մասին: Հայաստան-ԱՄԷ ներդրումային ֆորումի առիթով գտնվելով Աբու Դաբիում՝ նա մայրաքաղաքում շրջելիս շատ մանրուքների վրա էր ուշադրություն դարձրել, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իր աշխատանքին: Նրա վրա տպավորություն էին գործել կանաչապատումը, ոռոգման համակարգը, ծառերի մշակման տեխնիկան և այլ մասնագիտական նրբություններ: Սա հաստատում է հայտնի ճշմարտությունը, որ ամեն տեղ և ամեն վայրկյան կարելի է սովորել և կուտակած գիտելիքներն ի նպաստ սեփական գործի կիրառել: Վերադառնալով Հայաստան-ԱՄԷ ներդրումային համաժողովին՝ նշենք, որ Անահիտ Մկրտչյանը կարևորեց արտերկրում կազմակերպվող ֆորումները, որոնք առաջին հերթին գործարար մարդկանց փորձառությունն են ավելացնում, լայնացնում են մտահորիզոնը, գործընկերներ ձեռք բերելու հնարավորություն տալիս: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Աբու Դաբիում համաժողովի իր ելույթում ընդգծել էր, որ գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ հնարավորություններ կան: Այս հարցում, որպես գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցչի, ցանկացա իմանալ նաև զրուցակցիս կարծիքը: Տիկին Անահիտը նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարներն իսկապես մեծ են: Դրա համար ռեսուրս կա: Աշխատանքի ընթացքում համոզվել է, որ մեր հողը բերրի է, մաքուր, Հայաստանի արևը, քաղցրահամ ջուրը, մեր պտուղը շատ լավն են և կարող են մրցունակ լինել:


Քանի որ մեր զրույցում նա նշել էր, թե համաժողովին մասնակցում էին գործընկեր ձեռք բերելու ակնկալիքով, ինձ հետաքրքրում էր՝ արդյոք հաջողվե՞ց: Անահիտ Մկրտչյանի խոսքով՝ իրենց ասել էին, որ մինչև համաժողովը հետաքրքրվողներ եղել են, բայց համաժողովի ընթացքում գործընկերներ ձեռք չեն բերել:
Անդրադառնալով համաժողովից ստացած ընդհանուր տպավորությանը՝ նաև ցանկացա իմանալ, թե նման համաժողովներում ճիշտ ներկայանալու համար ինչ է անհրաժեշտ. «Ամեն մեկը, ով ցանկանում է ներդրող հրավիրել, առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչ է ինքը ցանկանում, ինչի կարիք ունի: Երկրորդ՝ պետք է ներկայացնի այն, ինչ ունի, ներկայացնի այնպես, ինչպես կա իրականում: Պետք է ներկայացնի համապատասխան բիզնես պլան, որ ներդրողն իմանա՝ ինչի մասին է խոսքը, ներդրումներն ինչ հաճախականությամբ պետք է անել, և ինչպես դա կարող է վերադարձվել: Որովհետև ներդրողին նախ և առաջ հետաքրքրում է, թե ինչպես է իր ներդրած գումարը վերադարձվելու, և ով է դա աշխատեցնելու»:


Ամփոփելով համաժողովի թեման՝ նա հույս հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերություններն իսկապես ցանկալի արագությամբ և ուղղությամբ կզարգանան:
Մայրաքաղաք Աբու Դաբին զրուցակցիս վրա մեծ տպավորություն էր թողել: Նա ընդգծեց հատկապես հանգստությունը: Շրջել էր տեսարժան վայրերով, պարզապես զբոսնել քաղաքում, հետևել մարդկանց նիստուկացին: Իր ստացած տպավորությունները զրուցակիցս կիսեց նաև հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ: Իսկ մինչ այդ ասեմ, որ Աբու Դաբիում գտնվելիս նրա ամենամեծ ցանկությունը Սրբոց Նահատակաց եկեղեցին, հայկական դպրոցը, առաջնորդարանը տեսնելն էր և հայ համայնքի հետ ծանոթանալը: Նրա խոսքով՝ ցանկացած երկիր այցելելիս իր համար ամենակարևորը տեղի հայկական ոգին զգալն է: Աբու Դաբիի հայ համայնքի հետ ծանոթության ժամանակ նա պատմեց իրենց գյուղի, այգիների, հարուստ հողի մասին: Նրա ոգևորությունը վարակիչ էր նաև զրուցակիցների համար, ովքեր ներկայացրին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, խոսեցին իրենց հուզող թեմաներից: Նման զրույցները կարևոր են համայնքի համար: Չէ՞ որ նրանք էլ Հայաստանի մի մասնիկն են և ապրում են մեր երկրին հուզող հարցերով:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 15122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ